Shant's Blog
Just another WordPress.com weblog

Մրտ
25

Հաճախ ենք բախտի շնորհն ընդունում
Իբրև ապառիկ նպաստ անհատույց:
Ու կորցնում ենք տարալուծելով
Քացախած հոգու թթվությամբ դժգոհ
Երբ նրա դիմաց ոչինչ չենք տվել:
Իսկ մենք սիրելիս…մենք հանդիպեցինք,
Զղջումների մեջ մեր տառապանքի,
Երբ որ վիրավոր արցունքների գորշ
Շղարշումն էր մութ պատել քո հոգին:
Արցունքներդ այդ,որ չեն մոռացվում,
Որոնց մեջ տեսա լույսի հաղորդում,
Աղոթքի բառի պարզության խորհուրդ:
Ու ակնթարթում անչափագրել
Մթամած հոգուս պարապը լցվեց
Ոչ գայթակղումով մարմնավայելք
Այլ անափ սիրո խաղաղ այլանքով:
Իսկ դու սիրելիս…դու մի սովորիր
Սիրո վայելքին,ինչպես ականջը
Անվերջ կրկնվող խոսքին շողոքորթ,
Թող այն միշտ լցնի կարոտը սրտիդ ,
Կուսական դողի այգացողումով,
Դու դրա դիմաց թանկ ես վճարել,
Տառապանքով լուռ,տանջանքով անքուն,
Այն ողորմություն չի կարող լինել,
Այլ խրախուսող պարգևատրում,
Եթե նպաստ է `միանգամյա, որ
Սովից է փրկում մեր հոգին խռով:
Եվ մի մոռացիր բախտը սիրելիս
Լոկ մի անգամ է ժպտում մեզ կյանքում…

18.03.2010.ԵՐԵՎԱՆ

Advertisements
Մրտ
24

ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐ

Արդարացողը պերճախոս է միշտ,
Եւ դու խոսքերի տարափով շփոթ
Փորձում ես հարմար պատճառներ գտնել
Քո ուշացումը արդարացնող:
Չեմ ուզում լսել,մտածել նույնիսկ,
Ինչ դու մեղավոր…
Դու անմեղություն չբողոքարկվող,
Իսկ ես շաղթայվել հայացքով անթարթ,
Փորձում եմ ճեղքել ղոսքերդ վարար,
Արբել աչքերիդ լռությամբ խոսուն,
Քանզի իմ սրտում հիմա քեզանով
Ցանկություններն են խենթացել անզուսպ:
Թե մեղավոր ես դու լոկ այնքանով,
Որ կին ես ծնվել հմայիչ ու նուրբ,
Եվ քո հմայքի ամեն նազանքից
Արձագանքվում է այն կանչը սիրո
Որ մարդացրեց այն բիրտ վայրենուն,
Բայց ինչ է ստացվում կարծես թե հիմա
Ինձանից անկախ քեզ պաշտպանելով,
Հաստատում եմ քո մեղքերը չեղած:
Էհ գուցե կյանքում
Բաներ կան այնքան,որ չեն բաղդատվում,
Ինչպես որ հույսը` երազից անհույս,
Ինչպես չգործած մեղքը քեզանից,
Դու չբաղդատվող իմ երանություն,
Ես հիմա ոչինչ խորհել չեմ ուզում,
Գիտեմ մի բան լոկ,որ սիրում եմ քեզ,
Ինչպես որ դու կաս…Անմեղ մեղավոր…

Մրտ
24

Կյանքիս գարունը վաղուց է թոշնել
Մի ճանապարհ է լոկ իմ դեմ բացվում,
Որ ամեն քայլով քեզնից հեռացնում,
Տանում է դեպի հանգչող մայրամուտ:

Ավաղ շուտ անցան օրերս ջահել,
Խճապատ թեպետ,դիք էր զառիվեր,
Բայց անցնում էի ես թեթև ու անհոգ
Այն խոր հավատով,որ կյանքի բոլոր,
Ճանապարհները բերում են քեզ մոտ:

Տարիներն անցան մի կարճ օրվա պես,
Արծաթն է մաղվել գանգուրներիս սև,
Աշունն է տխրում այգում մերկացած,
Քո հոգում գարուն, աչքերում արև,
Ախ ուր են,ուր են օրերն իմ ջահել:

Հիշում ես արդյոք համբույրն առաջին,
Երբ շշունջը տաք հեքիաթվեց շուրթիդ,
Արբունքվող սարսուռ,սիրո թրթիռներ,
Իմ գրկում անուրջ,դու իմն էիր իմ սեր:

Գիտեմ չես տխրի երբեք սիրելիս,
Չէ որ քո մոտ եմ թողել սիրտը իմ,
Սերս դարձավ հանգ,սերս դարձավ երգ,
Ամեն մի խոսքը կարոտի մի բույլ,
Ամեն մի բառը սիրո ելևէջ,
Կարող ես գգվել սեղմել քո կրծքին,
Ինձ հետ տանում եմ լոկ աղոտ հուշեր:

Ճանապարհը ինձ տանում է հեռու
Ցուրտ մայրամուտն է թախծում ինձանով,
Ախ ուր են,ուր են օրերն իմ ջահել
Երբ իմ սիրտը խենթ բերում էր քեզ մոտ:

Մրտ
22

Կիրակին եկավ քայլերով հոգնած
Վազվզուքներից ամբողջ շաբաթվա
Խաղաղություն է ու շուրջս անդորր,
Ինչպես արարման օրը յոթերորդ:
Բայց լռությունը ասես քիմիական
Շանթով է լեցուն պայթունավտանգ
Երազներս են դեռ ինձ օրորում,
Այս կիսախավար իմ սենյակում ուր
Ժամանակավոր կենվորի նման,
Մեծ ստի տանը ինչպես վարձակալ,
Ես փակ աչքերով լույս եմ որոնում:

Նյարդերս պրկված ողջ լսողություն
Կառչել են ամուր հեռախոսից գորշ,
Որ դու կիրակին օծես բարևով,
Բայց լռում է դեռ ու չարագուշակ,
Սպասումն է պաղ կարծրանում շերտ-շերտ:
Բայց տառապանքս իմաստուն ու հին,
Որ համբերելու շատ մեծ փորձ ունի,
Հաղորդվելով այս մեծ լռության հետ,
Մոլագար ճիգով փորձում է ճեղքել,
Հուսահատության թանձրությունն անտես,
Ու ցավի միջով վերադառնալ հետ
Դեպի սեփական էությունը իմ
Որը հոգնել է ինչպես կիրակին:
Մի չնչին փափագ,հանգիստ է տենչում,
Հանգստացրու մտքերս խռով,
Զանգիր սիրելիս ինչու չես զանգում…

13.05.2006.ԵՐԵՎԱՆ

Մրտ
22

Թախիծն է հաճախ առավոտ կանուխ
Առանց թակոցի դռներս բացում,
Կապրենք մենք այսպես իրարից հեռու
Լոկ մեր հազվադեպ հանդիպումներով:
Աչքերումդ խինդ,աչքերում քո մեղք,
Բարի օր մաղթում ժպիտով մի ջերմ,
Թողած իմ սրտում վիրավոր մի հուշ,
Հեռանում ես դու առանց հրաժեշտ:

Ձեռք ձեռքի երբեք չենք քայլի կյանքում
Մեր թաքուն սիրո արահետներով,
Տողերն այս թախծոտ կմնա ինձ հուշ,
Եւ տեսքդ շփոթ թաղված իմ սրտում:
Աչքերումդ խինդ,աչքերում քո սեր,
Բայցց և չես կարող դու իմը լինել,
Պիտի հեռանաս պարտք ունես հավերժ,
Գեթ համբուրիր ինձ իբրև հրաժեշտ…

27.01.2006.ԵՐԵՎԱՆ

Մրտ
22

Թերթեշունքներիդ երկար կապանքով
Աչքերդ ես գոցում,
Ուր արցունքվում է մի թանձր թախիծ
Ու տրտմություն ծանր ու ծորուն,
Որ լցվում է ներս պատում է հոգիդ
Լուռ առանձնության խորթ շղարշումով,
Ուր հմայքներդ կանացիության,
Գերեզմանվում են անդառնալիորեն,
Անողոք ձեռքով հուսախաբության:

Թե կրակված ես դու հիշողությամբ,
Թե սիրտդ ես փակել դու սիրո առաջ,
Կամ ժամանակն է քեզ չարացրել,
Զրուցիր ինձ հետ նայիր աչքերիս,
Որ արշալույսվող երկնքի նման
Հորիզոնվել է սիրո հույսերով:
Նայիր աչքերիս ուր կտեսնես դու
Գարնան տաք շնչով վարդեր այրվող
Ու մագաղաթվող սարսուռներ սիրո,
Նայիր աչքերիս որ հետ գաս նորից
Ցուրտ մոռացումի տարտամ երկրից,
Որ սերը կրկին խենթությամբ հղի
Երկնի կարոտով հոգուդ խորքերում:
Նայիր աչքերիս ու գուցե գտնես
Արթնացումը քո:Նայիր աչքերիս…

28.03.2004.թ.ԵՐԵՎԱՆ

Մրտ
22

Աչքերս եմ փակում…Հոգնել եմ այո,
Այդպես հոգնում է լճակը ծանծաղ,
Որը չի հոսում,
Կամ էլ բառերը գրքերում թաղված,
Որ թարգմանության կարիք են զգում,
Հոգնել եմ ինչպես անշունչ խաղալիք,
Որ ձեռքով մանկան
Ապրվում է միշտ իր կամքից անկախ:
Այդպես ապրում են…Չգիտեմ գուցե,
Կյանքն էլ անհոգ այդ մանկան նման
Խաղացնում է մեզ
Իր պիտիների թելերով անտես,
Ու եթե անկեղծ,
Պիտիներից եմ ես հոգնել անչափ,
Որի անողոք,բիրտ հրամանով
Բաժանվելու ենք իրարից անդարձ:

Այդ պիտին դաժան,այդքան անողոք,
Դարձել է ավիշ,կյանքի շարժիչ ուժ,
Մեխվել մեր մտքին,ցանկություններին
Ինչպես ցուցանակ,դաջվել է ամուր
Ճակատագրին մի անջինջ խարան,
Պետք է…
Բնազդ է թե կյանքի պահանջ
Թռչուններին է հավաքել մեկտեղ,
Որ կտուց կտցի պեղում են ահա
Քարտեզը երկնի,որ չվեն պիտի,
Արեգակն է այդ ուղեծրով մայրամուտ սահում,
Որ առավոտյան երկիրը օծի նոր բարի լույսով:

Ու եթե պիտին զորեղ է այդպես
Թող բարությունը նրանով զինվեր,
Չլիներ անզոր,թույլ ու անպաշտպան,
Ու այդ մի բառով բացվեին քո առաջ
Արգելափակոց ու դռները փակ,
Ասեիր որ պետք է մահը հեռանար,
Նրանով անգամ ձեռքը բռուցքվեր
Ու կեղծիքներին ամուր ապտակվեր,
Ասեիր որ պետք է…
Ու մարդը դատարկ սափորի նման
Պռնկե պռունկ լցվեր բարությամբ,
Իսկ եթե հանկարծ այդ պիտին դառնա
Պատճառ բաժանման,լոկ մի պայմանով
Կրկին հանդիպման…Լսում ես դու ինձ
Կրկին հանդիպման…

29.04.2004.ԵՐԵՎԱՆ

Մրտ
22

Օրն է մեռնում ստվերներում գորշ
Հոգևարքելով գույներով հանգչող
Թախիծ է մաղում երեկոն դժգույն,
Քեզ եմ որոնում ես մտամոլոր:

Ննջում են քնքուշ ծաղիկները վառ
Դառնալով աստղեր երկնքում խավար,
Երկինքը կապույտ պատել է արծաթ,
Կարոտն է թախծում իմ հոգում հիմա:

Սիրտս տագնապով խփվում պատեպատ
Ուզում է թռչել դուրս գալ իր տեղից,
Խոսք չի հասկանում հավերժ խենթը այդ,
Քեզ է ցանկանում լոկ քեզ սիրելիս:

Վառ հետք թողնելով իր անկման պահին
Մի աստղ հոգնած դարձավ ինքնասպան,
Մտքերս են հանգչում տանջանքով խաղաղ,
Անրջելով քեզ դառնում են երազ:

10.01.2006.ԵՐԵՎԱՆ

Մրտ
22

Գուցե զուր էր իմ բացվելը
Բոլորի մոտ և քո առաջ,
Բացել հոգուս փակ դռները
Զուր էր այսչափ անկեղծանալ,
Շտապել եմ…երևի թե
Իրեն պահած կույս կնոջ պես,
Որ զգեստն ե հագից հանում,
Մերկանում է շտապում,որ
Հրայրքները միանգամից
Հանձնի սիրած տղամարդուն:
Սխալվել եմ…Էհ ինչ արած
Պիտի թողնեի ինքդ բացեիր
Փականքները հոգիս կողպած,
Հուզախռով շարժումներով,
Դոդողալով զգույշ ու նուրբ,
Ու տանջալից սպասումով,
Որ մաս առ մաս մատերիդ տակ
Հրապույրը կենդանանար,
Որ չտեսնեիր,միայն զգայիր,
Իսկ այն վերջին նվիրական
Ու տենչալից անկյունը մութ
Պիտի թողնեի որ փակ մնար:

Քեզ պետք էր տալ սոսկ խոստումներ
Թեև շատ թանկ,բայց անարժեք,
Իսկ ես հիմար մի պարզությամբ
Սիրտս եմ դրել քո ափի մեջ:
Դու էլ ինչպես մի վիրաբույժ
Հետաքրքիր ուշադրությամբ,
Թեպետ մի քիչ հիասթափված,
Տնտղում ես ու զարմանում,
Որտեղից է այսքան կարոտ
Բռցքաչափ մսակույտում,
Ժայռացած ցավ,ծովացուղ հույս,
Ու ծառացող իմ սերը խենթ,
Տնտղում ես մոռանալով,
Որ իմ սիրտն է քո ափի մեջ…

17.01.2005.ԵՐԵՎԱՆ

Մրտ
22

Երբ հոգնաբեկ էր ու միտքս տարտամ
Եւ տառապանքն էր սրտիս ծանրացած,
Երբ անտարբեր էին իմ շուրջը մարդիկ,
Լիրներ անծանոթ կամ թե բարեկամ,
Եւ ձեռքս ոչ թե աղոթք էր հյուսում
Կույր և լպրծուն հնազանդությամբ,
Այլ բռունցքվում էր արդար ցասումով
Երկնի ցուրտ աչքը մեխվելու համար,
Երբ ճիչ էր դարձել ցավը իմ շուրթին,
Եւ զուր էր թվում բողոք,աղաչանք,
Ես Աստծուն հանկարծ իմ հոգում գտա:

Գտա խեղճացած,ցավից կուչ եկած,
Առօրեացված,Խոցված արյունոտ,
Բազմադեմ ու կեղծ բարեպաշտների
Արյունաթաթախ ձեռքով ապտակված,
Սուտ վկաների շուրթով հայհոյված,
Որ փշրելով հաստ ոսկեպատյան
Կաղապարները դարձաց պաշտամունք,
Գտել էր անշուք,բայց եվ ապահով,
Մի ապաստարան իմ հոգու խորքում:

Ես մարգարե չեմ և ոչ էլ վկա,
Ոչ էլ կրոնի մոլեռանդ ծառա,
Այլ ունայնության խճապատ ուղին
Բոկոտն անցած մի հոգնած ճամփորդ,
Գուցե խոցոտված հույսն եմ Աստծո,
Կամ շուրթը նրա չգիտեմ նույնիսկ,
Բայց ձեզ եմ դիմում նրա անունից
Աղերսով հպարտ…Կանգ առեք մի պահ
Դու ինքդ այո,կամ էլ նույիսկ դու
Աստվածակերպար ու գոռոզ էակ,
Որ արարվել ես քո կամքից անկախ,
Լոկ վեհ հաճությամբ այդ նույն բարձյալի,
Միթե այնքան ես դարձել մեծամիտ,
Որ փառք Աստծու
Երբեք չես զգում գոչելու կարիք:

Իսկ ես խնդրում եմ տեր մեզ ողորմիա
Ողորմիա կրկին քո ստեղծածին,
Որ գիտի թեպետ երկնել նորորեն,
Իր ապրած դարին լեգենդ տանիքել,
Կարող է քարից երգ հյուսել նրբին,
Եւ հավերժի փակ դռները բախել,
Բայց և կարող է նույնիսկ ավերել,
Եւ բռնաբարել միտքը երկունքվող,
Կարող է պղծել,հոշոտել անգամ,
Անգիր,սառնասիրտ բծախնդրությամբ
Կարող է անգամ հոգի ավարել,
Խաչվածին խաչել պիղատոսաբար:

Եւ դու,որ հիմա
Թանկարժեք կոշկիդ ներբաններով հաստ,
Կանգնել ես երկրի պրոթեզին պաղ
Եւ զարկերակն ես փնտրում անօգուտ,
Փորձիր հասկանալ որ կոչումը մարդ,
Շնորհ է թեպետ,բայց Աստվածակամք,
Մի փորձիր դու այն հմտորեն կեղծել,
Ինչպես ուրիշի ստորագրություն,
Այլ կրիր որպես սրբազան մի պարտք,
Եւ ոչ գրպանում կոստյումիդ շքեղ,
Այցեքարտի պես ցույց տալու համար,
Այլ լայն ճակատիդ թող լինի դրոշմ
Խոր կնճիռներով պինդ վավերացվաց,
Որ կարողանա տեսնել ամեն ոք:

Իսկ ես բոկոտն,ցնցոտիապատ,
Բայց այնքան հարուստ մայր հողին կանգնած,
Համահունչ նրա խուլ բաբախներին,
Գոչում եմ և ձեր և իմ փոխարեն,
Փառք այն Աստծուն որ թեև խաբված
Դեռևս մարդուն արարում է մարդ,
Մարդարարիչին հազար բերան փառք…